Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տնից զրկվել է ոչ թե 24, այլ 16 ընտանիք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր Մեղրի կայցելեն մասնագետներ, ովքեր կորոշեն հրդեհի ենթարկված շենքի սեյսմակայունությունը՝ արդյոք այն կարող են օգտագործել, թե ոչ: Եթե պարզվի, որ չեն կարող այն օգտագործել, ապա նոր շենք կկառուցեն, կամ Մեղրիում գտնվող շենքերից մեկնումեկը կվերանորոգեն ու կտան բնակիչներին:
Քաղաքապետի կարծիքով՝ բնակիչների տան հարցը կլուծեն 3 ամսվա ընթացքում: Հրդեհված շենքը վերանորոգելը կարժենա մոտ 300մլն դրամ, նոր շենք կառուցելը՝ ավելի թանկ: Արշավիր Հովհաննիսյանն ասաց, որ 16 ընտանիքները հյուրանոցում կմնան այնքան ժամանակ, մինչեւ բնակարանի հարց լուծվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել:
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են: Զոհվել է շենքի տարեց բնակչուհիներից մեկը:





























