Երեւան-Սեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված տաքսու վարորդը՝  23-ամյա Ռազմիկ Սարգսյանը չի մահացել: «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վարորդին ծայրահեղ ծանր վիճակում Սեւանի հիվանդանոցից տեղափոխել են իրենց մոտ, եւ նա կոմայի մեջ է։

Նշենք, որ ավելի վաղ Սեւանի հիվանդանոցից ապատեղեկատվություն էին հայտնել NEWS.am-ի թղթակցին, իբր Ռազմիկ Սարգսյանը մահացել է։

Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հունիսի 14-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 93.5 կմ հատվածում` դեպի Երևանի ուղղությամբ, Սարգիս Շահինյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի տաքսի մեքենային։ Վթարի հետևանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 6 անձանցից 3-ը մահացել են, 3 հոգին, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական միջոցառումները՝ վթարի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

«Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։