Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) հայտնել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հետ են գրավել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող սիրիական Թել Աբյադ քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին:
Քաղաքը գրավելու տեղեկատվությունը հաստատել է Reuters-ի ֆոտոթղթակիցը, որը գտնվում է իրադարձությունների վայրում: Բացի այդ, քրդերին հաջողվել է կտրել ռազմավարական կարեւորության Թել Աբյադ-Ռաքքա մայրուղին:
Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քուրդ ապստամբները գրավել են նաեւ սահմանային տերմինալը՝ ստիպելով ԻՊ-ի գրոհայիններին փախչել սահմանի կողմը: Ներկայումս իսլամիստները հանձնվում են թուրք զինվորականներին:
Թել Աբիյադը ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար: Քրդերը, վերահսկելով այդ քաղաքը, կարող են միավորել իրենց ուժերը Սիրիայում եւ Իրաքում, հաղորդում է Lenta.ru-ն:
ԱՄՆ-ը բարձր է գնահատել քրդերի ռազմական հաջողությունները: Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը անհանգստություն է հայտնել YPG-ի առաջխաղացմամբ, հայտարարելով, որ դա կարող է հանգեցնել «Թուրքիայի սահմանների անվտանգությանն սպառնացող ինչ-որ կառույցի ստեղծման»: Անկարան մտահոգություն ունի, որ Թուրքիայի քրդերը, որոնք YPG-ի կազմում պայքարում են ԻՊ-ի դեմ, զենքը կուղղեն նաեւ Թուրքիայի դեմ:





























