ԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում մեծացնել իր ՌՕՈւ թվաքանակը՝ որպես իր ուժը ցուցադրող քայլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՌՕՈւ նախարար Դեբորա Լի Ջեյմսը, ով գտնում է, որ Ռուսաստանը ամենամեծ սպառնալիքն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։
Թերթը նշում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ուժեղացրել էր իր օդային հսկողությունը Բալթիկայում եւ Բ-2 ու Բ-52 ռմբակոծիչներ էր տեղակայել Մեծ Բրիտանիայի տարածքում։ «Այս փուլում մենք պլանավորում ենք մեծացնել թվաքանակը կամ ուժեղացնել ռոտացիան»,- ասել է Դեբորա Լի Ջեյմսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դիտարկում է նաեւ Եվրոպայում F-22 Raptor կործանիչներ տեղակայելու հնարավորությունը։ ՌՕՈւ ղեկավարը մտադիր է հանդիպել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խորհրդատվությունների համար։
Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնսթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտավորություն ունի, եւ այդ պատճառով Արեւելյան Եվրոպայում զորքեր եւ սպառազինություններ տեղակայելը տրամաբանական եւ օրինաչափ քայլ է, հայտնում է Ամերիկայի ձայնը։





























