Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված Սվետլանա, Լիանա, Ժաննա Եղիազարովաները եւ Նանա Փիլիշվիլին զարմուհիներ էին, բնակվում էին միեւնույն բակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Նա պատմեց, որ Եղիազարովա քույրերն ամուսնացած էին, Ժաննան ուներ 15 տարեկան, իսկ Նանան էլ 10 տարեկան երեխա:

«Հասարակ ընտանիք էր, նորմալ ապրող, քույրերը չէին աշխատում: Վրաստանում հայ համայնքն էլ ինչով կարողանում է, օգնում է ոչ միայն զոհված ընտանիքների հարազատներին, այլեւ բոլորին. «Վիրահայերի միությունը», «Հայարտունը», ազգությամբ էթնիկ հայ գործարարները մասնակցում են որոնողական եւ մաքրման աշխատանքներին»,- ասաց Վան Բայբուրթյանը:

Նշենք, որ հունիսի 14-ի ջրհեղեղից այս պահի տվյալներով զոհվել է 15 մարդ, որից 4-ը հայեր են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները: