Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի ոտքն առաջիկայում կպրոթեզավորեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
«Արդեն պայմանավորվել ենք պաշտպանության նախարարության պրոթեզավորող Մկրտիչ Գինոսյանի հետ, որ Գոռին պետք է ընդունի եւ պրոթեզավորման գործընթացը սկսի»,- ասաց Արտաշես Խաչատրյանը՝ նշելով, որ վիրավորված զինծառայողն այս պահին գտնվում է մայրական խնամքի տակ:
Նշենք, որ Մկրտիչ Գինոսյանը տարիներ առաջ պրոթեզ է պատրաստել նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է:





























