Երեւանում հունվարի 7-ին վրաերթի հետեւանքով մահացած թուրք լրագրող Գայե Ջոշարի գործով դատաքննությունը սկսվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջին նիստը հետաձգվել է եւ նշանակվել հուլիսի 8-ին: Դատավորն է Գագիկ Պողոսյանը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Գրիգորյանը 2014թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան շուրջ 40 կմ/ժամ արագությամբ վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոցի պողոտայով Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ ՝ ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում։
Քննության նյութերի համաձայն՝ չհասած Մաշտոցի եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` վարորդը երթեւեկելի ուղեմասում պառկած Գայե Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել եւ անզգուշությամբ պատճառել մահ։
Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հիշեցնենք, որ թուրք լրագրողը հայ-թուրքական ծրագրերից մեկի շրջանակում 2014թ. նոյեմբերից աշխատում էր Երեւանում եւ ժամանակավորապես բնակվում Թումանյան փոողոցում:

























