Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքը հեղեղից հետո կվերածվի հանգստի գոտու, իսկ կենդանիներին տեղափոխել են մայրաքաղաքի ծայրամասում գտնվող մեկ այլ կենդանաբանական այգի։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։

«Այն բանից հետո, երբ կենդանաբանական այգու մոտ մայրուղի էր կառուցվել, խախտվել էր էկոլոգիական հավասարակշռությունը։ Վերե գետը հենց կամրջի տակ էր գտնվում, ծառերը հատվել էին, նոր խնդիրներ էին ի հայտ եկել։ ՆԵրկայիս կենդանաբանական այգու տարածքում հանգստի գոտի կկառուցենք եւ կընդլայնենք այն»,- ասել է Նարմանիան լրագրողներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները: