Ֆրանսիան ու Գերմանիան պահանջում են «մաղել» տնտեսական ներգաղթյալներին Իտալիայում եւ նրանց հետ վերադարձնել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը՝ ԵՄ ներքին հարցերին նվիրված խորհրդի նիստից առաջ:

«Որոնք են այն սկզբունքները, որոնք մեզ թույլ կտան արագ հասնել նպատակին՝ հաշվի առնելով մարդկանց հումանիտար ողբերգությունը, որոնք լքել են սեփական երկիրը հետապնդումների հետեւանքով: Նախ, համերաշխւթյուն, որը վերաբերում է հետապնդման ենթարկվող բոլոր փախստականներին, որոնք մահանում են ծովում, եւ որոնց վերաբերյալ ԵՄ-ն պետք է լուծում գտնի»,-ասել է Կազնեւը՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ Գերմանիայի ԱԳ նախարար Թոմաս դե Մեզյերի հետ:

Նա հայտնել է, որ Ֆրանսիան շփումների մեջ է Իտալիայի իշխանությունների հետ՝ լուծելու համար ներգաղթյալների հետ կապված խնդիրը:

Նշենք, որ Իտալիան եւ Ֆրանսիան վիճում են ներգաղթյալների խնդրի շուրջ, որոնք հասել են Իտալիայի Վենտիմիլիա քաղաքին (Ֆրանսիայի սահմանից 7 կմ հեռավորության վրա): Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ եվրոպական իրավունքի համաձայն ներգաղթյալների խնդիրներով պետք է զբաղվի Իտալիան:
Իսկ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին իր հերթին հայտարարել է. «Պետք է ասել, որ կամ մենք բախվել ենք համաեվրոպական մասշտաբի խնդրի հետ եւ պետք է այն լուծենք միասնական ջանքերով, կամ այդ խնդիրը բաժին կհասնի միայն Իտալիային, որովհետեւ Եվրոպան աչք է փակում դրա վրա: Ես սա ասում եմ հիասթափված մարդու դիրքերից, որը հավատում է, որ Եվրոպան միասնական տուն է՝ հավասար բոլոր արժեքների համար»:

Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն Ֆրանսիայի հետ սահմանին վիճակն անվանել է «հարված Եվրոպայի դեմքին»: Տարվա սկզբից Ֆրանսիայի սահմանը փորձել են անցնել 8 հազար անօրինական միգրանտներ, որոնցից 6 հազարն ուղարկվել են հե՝ Իտալիա, հաղորդում է «Եվրոնյուզը»:

Եվրահանձնաժողովը մայիսի վերջին առաջարկել է 3-րդ աշխարհի երկրներից 40 հազար փախստականներին բաշխել ԵՄ երկրների միջեւ, որոնք հիմա կուտակված են հիմնականում Իտալիայի եւ Հունաստանի տարածքներում: Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է առաջիկա երկու տարիներին ԵՄ երկրներում ընդունել եւս 20 հազար միգրանտների: