Ուկրաինան ընդունում է Ռուսաստանի առջեւ 3 մլրդ դոլարի պարտավորությունն այնպես, ինչպես եվրապարտատոմսերով ստանձնած այլ պարտքերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն։ Ընդ որում, Կիեւը ամեն դեպքում հույս ունի, որ պարտքը կվերակազմավորվի։
Յարեսկոն նշել է, որ Ուկրաինան ձգտում է հասնել պարտքի վերակազմավորմանը, որպեսզի հասնի ԱՄՀ ծրագրով համաձայնեցված այն երեք ցուցանիշներին, որոնք նախատեսում են ոչ միայն հետաձգել մարման ժամկետը, այլ կրճատել պարտքի հիմնական գումարն ու տոկոսները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՀ-ի կողմից Կիեւին ցուցաբերած օգնությունը մասշտաբային թալան էր որակել։ «Եթե Ռուսաստանից Ուկրաինայի ստացած 3 մլրդ դոլար վարկը Պորոշենկոյի կարծիքով կաշառք է, ապա ԱՄՀ-ից Ուկրաինային հատկացվող միլիարդները մասշտաբային կողոպուտ է»,- գրել էր ռուս վարչապետը իր Facebook-ում։





























