Հայտնի է «Օֆշորի» գործով առաջին դատական նիստի օրը: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ առաջին նիստը նշանակվել է հունիսի 24-ին, ժամը 13.00-ին: Գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան, այն կքննվի դատավոր Վարդան Գրիգորյանի  նախագահությամբ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: