Ազգային ժողովը քննարկում է ոսկերչական իրեր վաճառողների համար պարզեցված հարկային ռեժիմի հարցը։ «Արտոնագրված վճարների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հունիսի 10-ին կայացած կառավարության նիստում։
Արտոնագրված վճարը առաջարկում են սահմանել Երեւանի, մարզկենտրոնների, մնացած քաղաքների, գյուղերի եւ սահմանամերձ գյուղերի համար առանձին։ Երեւանում առաջարկում են սահմանել ամսական 35 հազար դրամի չափով։ Հաշվարկն արվել է մեկ սեղանիկից առնվազն 750 հազար դրամ եւ առավելագույնս 3.5 մլն դրամ շրջանառության հաշվարկով։ Այսպիսով՝ վճարումը կկազմի ապրանքաշրջանառության 1-5 տոկոսը։ Նման տոկոսով կհաշվարկվեն մարզկենտրոնների, այլ քաղաքների եւ գյուղերի արտոնագրված վճարները, որոնք կկազմեն համապատասխանաբար 25, 20 եւ 15 հազար դրամ։ Սահմանամերձ գյուղերի համար այն կլինի զրոյական։
Ներկայում հանրապետությունում գործում է ոսկերչական իրերի վաճառքի 1500 սեղան, որոնք պատկանում են մոտ 1200 սեփականատիրական սուբյեկտների։




























