Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենային երկրորդ անգամ են վիրահատել: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց 4-ամյա Ելենայի տատիկը՝ Ելենա Լեբեդեւան:
«Երկրորդ վիրահատությունն ուղղված էր վնասված նյարդերի վերականգնմանը, այժմ երեխայի մոտ դրական տեղաշարժ կա, ոտքում արդեն շարժունակություն կա»,-ասաց երեխայի տատիկը:
Ելենա Լեբեդեւան նշեց, որ երեխայի ոտնաթաթի պրոթեզավորում դեռ չեն արել, քանի որ Հայստանում դա շատ թանկ է:
«Բացի այդ ձեռքի նյարդը նռնակի բեկորներից նույնպես վնասվել է, բուժման կարիք կա, երեխան պետք է ֆիզիոթերապիայի, մերսումների գնա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր մորական տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել: Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով կալանավորվել է Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ 52-ամյա Մելիք Գալստյանը, որն իր ինքնախոստովանական ցուցմունքում ասել է, որ խանդի հողի վրա է արել այդ ամենը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետեւանքով Անահիտ Խ.-ն եւ 2011թ. ծնված Ե. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Քրեական գործ է հարուցվել սպանության փորձի (ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով) եւ ապօրինի զենք զինամթերք պահելու (ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:





























