Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագիրը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե այն հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից ստանալ 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում եւ 4 մլն 815 հազար 869 մլն եվրո դրամաշնորհ: Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման եւ համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար:

Իսկ արտոնյալ վարկը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար: