Ոսկերչական իրերի վաճառքով զբաղվողների համար նոր հարկատեսակը պետք է նրանց գոնե ամսական 200-300 հազար եկամուտ թողնի։ Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Ֆիքսված գումարն այս ոլորտում արդարացված է, եթե հաշվի առնենք փաստաթղթաշրջանառության բարդությունը։ Մյուս կողմից ազատ փաստաթղթաշրջանռությունը չի ստեղծի ստվերային բիզնեսի վտանգ, քանի որ ոսկու շրջանառությունը խստորեն գրանցվում է։
Պետք չի լինի նաեւ օգտագործել հաշվիչ դրամարկղային ապարատներ։
Վճարումը կլինի ոչ միայն պարզ, այլ նաեւ ցածր։ Ավելի վաղ նախատեսվում էր սահմանել 1 տոկոս շրջանառության հարկ։ Բայց եթե հաշվի առնենք, որ շրջանառության հարկի շեմը պլանավորվում է բարձրացնել մինչեւ 15 մլն դրամ, ապա վճարումը կարող էր կազմել տարեկան 1.15 մլն դրամ։ Հիմա Երեւանի համար առավելագույն վճարը ամսական 35 հազար դրամն է։
Դա կարեւոր է նաեւ այն առումով, որ տարվա սկզբից ոլորտում անկում է նկատվում։ Հետեւաբար այստեղ պետք է բարենպաստ պայմաններ ապահովել»,- հավելեց նախարարը։
Հիշեցնենք, որ Արտոնագրված վճարը առաջարկում են սահմանել Երեւանի, մարզկենտրոնների, մնացած քաղաքների, գյուղերի եւ սահմանամերձ գյուղերի համար առանձին։ Երեւանում առաջարկում են սահմանել ամսական 35 հազար դրամի չափով։ Հաշվարկն արվել է մեկ սեղանիկից առնվազն 750 հազար դրամ եւ առավելագույնս 3.5 մլն դրամ շրջանառության հաշվարկով։ Այսպիսով՝ վճարումը կկազմի ապրանքաշրջանառության 1-5 տոկոսը։ Նման տոկոսով կհաշվարկվեն մարզկենտրոնների, այլ քաղաքների եւ գյուղերի արտոնագրված վճարները, որոնք կկազմեն համապատասխանաբար 25, 20 եւ 15 հազար դրամ։ Սահմանամերձ գյուղերի համար այն կլինի զրոյական։
Ներկայում հանրապետությունում գործում է ոսկերչական իրերի վաճառքի 1500 սեղան, որոնք պատկանում են մոտ 1200 սեփականատիրական սուբյեկտների։




























