Արմավիրի մարզպետի վերաբերյալ Գլխավոր դատախազության ուղարկած պատասխանից դժգոհ ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Սեդրակյանը:

Նա նշեց, որ ամենեւին էլ համաձայն չէ ՀՀ գլխավոր դատախազության  պետական շահերի պաշտպանության վարչության պետի կարիքին, որ զանգվածային լրատվամիջոցի  եզրահանգումները փաստական տվյալներ չեն պարունակում: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլոց, քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում նաև հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները: Սա նշանակում է, որ զանգվածային լրատվության միջոցների հաղորդման պայմաններում արդեն իսկ քրեական գործ հարուցելու առիթն առկա է: Իսկ հիմքը դեռևս ենթակա է պարզման: Կարծում եմ, գլխավոր դատախազության դատախազի` մեզ գրությամբ պատասխանելը ևս չի բխում քրեադատավարական նորմերի տրամաբանությունից: 10- օրյա ժամկետում կամ պետք է կայացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու, կամ քրեական գործ հարուցելու մասին որոշում: Տվյալ դեպքում, գրությամբ նշված է, որ դրվագներից մեկով փաստական տվյալ չկա,մյուսներով` ընթանում են ուսումնասիրություններ»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ նշեց, որ մտահոգիչ է նաև այն, որ կան բազմաթիվ օրինակներ, որոնցով այս և այլ պաշտոնատար անձի գրությունը դիտել են քրեական գործ հարուցելու առիթ և միաժամանակ հիմք, մինչդեռ տվյալ դեպքում,  երբ խոսքը վերաբերում է մարզպետի, ցանկանում են, որ ստորագրվի սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացում: Վահե Սեդրակյանի կարծիքով՝ դատախազությունը միանման քաղաքականություն չի իրականացնում և տարանջատում է, այսպես կոչված, հաղորդում տվող անձանց անձանց շրջանակը: «Վստահ ենք, որ այս մասին ՀՀ գլխավոր դատախազը տեղյակ չէ, այլապես կկանխարգելեր անընդունելի մոտեցումը»,- ասաց փաստաբանը: