Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին որոշում է կայացրել «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով։

ՄԻԵԴ որոշման համաձայն, «հայ փախստականի իրավունքը խախտվել է՝ Ադրբեջանում իր սեփականությանը՝ թողնված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, հասնելու բացակայության պատճառով»։

Դատարանը վճռել է, որ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը, անձնական եւ ընտանեկան կյանքի հարգման իրավունքը, նաեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը։

Նույնպիսի որոշում է կայացվել նաեւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։

ՄԻԵԴ-ը 2010թ. 15-ին առաջին անգամ սկսել էր ուսումնասիրել հայ ընտանիքի հայցը ընդդեմ Ադրբեջանի։ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006թ. օգոստոսի 11-ին հայց էր ներկայացրել իր տունը ավերելու եւ իրեն բռնի կերպով դուրս հանելու կապակցությամբ։ Սարգսյանը նշել էր, որ հիմա իր տանը օտար մարդ է ապրում, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ Ներկայումս Սարգսյանը մահացել է, իսկ նրա այրին եւ 2 երեխաները շարունակում են հետեւել գործին։

Սարգսյանն իր  հայցով մեղադրանք է ներկայացրել գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքը ոտնահարելու, Ադրբեջանում հայկական գերեզմանների ոչնչացման եւ հայերին իրավական պաշտպանությունից զրկելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով հայերի դեմ խտրականություն դրսեւորելու համար։