Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը արված կուտակային կենսաթոշակային վճարումները կվերադարձվեն քաղաքացիներին: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով մասնարավոր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Նա նշեց, որ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն արված փոխանցումները քաղաքացիները կարող են հետ պահանջել: Մինչ այդ վճարումները պարտադիր կուտակայինի կարգավիճակ ունեին: Ավելի ուշ այդ կարգավիճակը Սահմանադրությանը հակասող ճանաչվեց, ինչն իրավունք է տալիս հետ պահանջել այդ վճարումները: Այդ վճարումների համար շուրջ 62 հազար քաղաքացի է դիմել, որոնց դրանք կվերադարձվեն մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը:
Նշենք, որ վերադարձը չի վերաբերում 2014 թվականի հուլիսի 1-ից հետո արված վճարումներին: Այդ ժամանակ, Սահմանադրական դատարանի որոշմամբ, ընդամենը փոխվեց այդ վճարման անվանումը՝ պարտադիրից դառնալով նպատակային սոցիալական վճար, սակայն վճարման գումարը չփոխվեց: Այն պարտադիր դարձավ պետական հատվածի աշխատակիցների համար, իսկ մասնավոր հատվածում ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից:
Նշենք, որ մասնավոր կուտակային կենսաթոշակային բարեփոխումները քաղաքացիների կտրուկ դժգոհություն առաջացրեցին նոր վճարմամբ՝ աշխատավարձի 5%-ի չափով (ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 10%): Նոր բարեփոխումն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից, սակայն բնակչության դժգոհությունների արդյունքում մասնավոր հատվածի համար 3 տարով տարկետում է սահմանվել:



























