Աշտարակում հնչած կրակոցներիը տղայական ռազբորկայի արդյունք են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանը: Կրակոցներ արձակող 32-ամյա Մարտին Մ.-ն նրանց համագյուղացի է, թեեւ ապրում է Աշտարակում:
«Մեքենա չզիջելու խնդիր է եղել, վիճել են, իրար չեն հասկացել, ջահելություն է էլի, երկու կողմերն էլ իրենց ծանոթներին են ասել, եկել են, որ բարիշեցնեն, էն էլ երեւի մի բան էն չի եղել, կրակոցներ է եղել, բոլորի համար հանելուկ է, թե ինչպես է կրակոց եղել»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ վիճաբանության մյուս մասնակիցներին չգիտեն, իրենց համագյուղացի չեն, ապրում են Աշտարակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասի Վ. Պետրոսյան եւ Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ` 39-ամյա Վաչե եւ 41-ամյա Վահե Մ.-երը վիճաբանել են 51-ամյա Արսեն Խ.-ի, 32-ամյա Մարտին Մ.-ի եւ 27-ամյա Արման Մ.-ի հետ, որի ընթացքում Մարտին Մ.-ն «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակոցներ է արձակել: Արսեն Խ.-ն հրավիրվել է բաժին:





























