ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր պետությանը սպառնացող վտանգի դեպքում Ռուսաստանը հարվածող սպառազինություններ կուղղի վտանգի աղբյուրին։

«Եթե ինչ-որ մեկը սպառնում է Ռուսաստանին, ապա մենք պետք է մեր սպառազինություններն ուղղենք այն երկրների դեմ, որոնցից այդ սպառնալիքը գալիս է»,- մեջբերում է Պուտինի խոսքը «Ինտերֆաքս»-ը։

Պուտինը հիմնավորված է համարում ՀՕՊ համալիրներ տեղակայելու Մոսկվայի որոշումը։ «ՆԱՏՕ-ն է մոտենում եր սահմաններին եւ ոչ թե մենք նրա»,- կարծում է Պուտինը։

Նա միաժամանակ նշել է, որ Եվրոպայում հնարավոր սպառազինություններ տեղակայելու մասին Արեւմուտքի արած հայտարարությունները ավելի շուտ պատասխան չպահանջող քաղաքական նշան է։

Պուտինը պնդում է, որ Ռուսաստանը չի սպառնում Եվրոպային։ Նրա խոսքով՝ անվտանգության լավագույն երաշխիքը նրանց համար չեզոքությունն է։