ՀԾԿՀ շենքի մուտքի մոտ, որտեղ այս պահին հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀԷՑ-ի հայցը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներն այսօր՝ հունիսի 17-ին, էլեկտրէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա են անցկացնում:
Մի քանի տասնյակ երիտասարդներ ՀԾԿՀ շենքի մոտ «3 անգամ թանկացրել, եք, որ ինչ անեք», «Չորրորդ անգամ թանկացնելու եք, որ ինչ անեք», «Թալանիր 365 000 000 շքեղ մեքենաներին» գրությամբ պաստառներ են պարզել:
Երիտասարդները վանկարկում են «կասեցում», «նախարար, իջիր»:
Ոստիկաններ սկզբում թույլ չէին տալիս երիտասարդներին բողոքի ակցիան անցկացնել, ՀԾԿՀ շենքի մոտ, պատճառաբանելով, որ խանգարում են երթեւկությանը, սակայն, որոշ ժամանակ անց սակայն թույլատրեցին նրանց կանգնել շենքին հարակից փողոցում:
Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը:




























