ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին կրկին շեշտել է ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) արեւմտյան թեւի ներկայացուցիչների կազմակերպած դրամահավաքի ընթացքում:

ANCA-ի ներկայացուցիչները կոչ են արել Փելոսիին ընդունել Հայոց ցեղասպանության բանաձեւը:

Իր ելույթում Փելոսին նշել է, թե նախագահի շատ թեկնածուներ, հայտարարելով հարցին իրենց հավատարմության մասին, չեն կատարել խոստումը ընտրվելուց հետո: Նրա խոսքով, մարդասիրության եւ Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների մասին խոսելու իրավունք վաստակելու համար ԱՄՆ-ը պետք է առաջին հերթին ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա հավելել է, որ Ցեղասպանությունը ճանաչելու մերժումը խաթարում է ԱՄՆ-ի բարոյական հեղինակությունը: