Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայ եւ այլ ժողովուրդների սարսափելի տառապանքները։ Այս մասին հունիսի 16-ին՝ Լորդերի պալատում Հայոց ցեղասպանության մասին քննարկումների ժամանակ, հայտարարեց կառավարության ներկայացուցիչ կոմս Քուրթուան, Ջեյմս Սթոփֆորդը։

Նրա խոսքով՝ հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով անցյալի զոհերին՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է օգնի թուրքերին եւ հայերին առերեսվել ընդհանուր պատմությանը։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել էր բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Իր ելույթում բարոնուհին հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 20 երկրների, ինչպես նաեւ Հռոմի Պապի կողմից, որը հայտարարել էր ճանաչման անհրաժեշտության մասին։

Դրան ի պատասխան՝ Ջեյմս Սթոփֆորդը նշել է, որ կառավարությունը տեղյակ է Հռոմի Պապի ելույթի մասին եւ այդ հարցում իր դիրքորոշումը քննարկել է 2013թ.եւ այս պահին չի պլանավորում վերանայել իր դիրքորոշումը եւս մեկ անգամ։ Նա նշել է, որ կառավարությունը խրախուսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերը։

«Հատկապես հաճելի է տեսնել, որ հայկական ծագում ունեցող թեկնածուները ընտրվել են Թուրքիայի խորհրդարան»,- հայտարարել է նա եւ նշել, որ Բրիտանիայի առաջնայնությունը Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ համագործակցությունն է։