Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է մի խումբ եվրոպացի քաղաքագետների եւ հետազոտողների, որոնք ճանաչողական այցով Արցախ են ժամանել «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի  նախաձեռնությամբ։

Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ, նշելով, որ դա լավագույն հնարավորությունն է՝ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ  ճշգրիտ եւ անաչառ պատկերացում կազմելու համար։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ այն թույլ կտա վերջնականապես ամրագրել ԼՂՀ ժողովրդի եւ իշխանությունների ձեռքբերումներն անկախ պետականաշինության գործում։

Կարեն Միրզոյանը նաեւ պատասխանել է մասնակիցների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։