Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտից բերման ենթարկված, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող մի քանի քաղաքացիների ընկերները քիչ առաջ երթով հասան ոստիկանության կենտրոնի բաժին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 100 ոստիկաններ պատ են կազմել եւ չեն թույլատրում, որպեսզի ակտիվիստները մոտենան ոստիկանության մուտքին:
Բողոքի ակցիան ոստիկանության մոտ շարունակող ակտիվիստները բարձրախոսով բղավում են «ազատություն», «երիտասադները հանցագործներ չեն, հանցագործներ են բիբինները եւ նազարյանները»:
Նշենք, որ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի շենքի մոտից այսօր՝ հունիսի 17-ին, բերման է ենթարկվել 6 ակտիվիստի:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ երբ ակտիվիստները տեղեկացան, որ հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ–ի հայտը, կրքերը կրկին բորբոքվեցին եւ նրանք ի նշան բողոքի ձվեր եւ լոլիկներ նետեցին հանձնաժողովի շենքի ուղությամբ, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի ցուցարարի։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀԾԿՀ–ն այսօր` հունիսի 17–ին, հաստատել է ՀԷՑ–ի հայտը` որոշելով, որ էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով։
Նշենք, որ էլցանցերը ցանկանում էին հոսանքը թփանկացնել 17 դրամով։ Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:





























