Քըրք Քըրքորյանը հավանաբար «աշխարհի ամենահետաքրքիր մարդն էր»։ Նրա մասին հայտնի է մի քանի փաստ, որոնք հատկանշական են դարձրել 98-ամյա ամերիկահայ միլիարդատիրոջ կյանքի պատմությունը։ Այս մասին գրում է Time պարբերականը՝ մեջբերելով երկուշաբթի մահացած միլիարդատիրոջ կյանքի 5 հետաքրքիր փաստ։
1. Նա 3 անգամ կառուցել է «աշխարհում ամենամեծ հյուրանոց-խաղատունը»
Կառուցապատողի կարիերայի ընթացքում «Լաս Վեգասի մեգակենտրոնի հայրը» երեք անգամ կառուցել եւ բացել է հյուրանոց-խաղատներ, որոնք այն ժամանակ համարվում էին աշխարհում ամենամեծը։ Տարբեր ժամանակահատվածներում Քըրքորյանին են պատկանել Վեգասի բրենդային օբյեկտները, օրինակ՝ Desert Inn-ը, Sands-ը եւ Flamingo-ն։
2. Նա 8-րդ դասարանում թողել է դպրոցը
1999թ. պրոֆիլում ներկայացված են եղել Քըրքորյանի կյանքի վաղ պահերը, որոնք նպաստել են նրա մոտ գործնական հոտառության ձեւավորմանը։ Նա ծնվել է Քալիֆորնիայի ամերիկահայերի ընտանիքում։ 9 տարեկանում նա սկսել է թերթեր վաճառել եւ գումար վաստակել նաեւ այլ տիպի աշխատանք կատարելով։ Դպրոցում կարգուկանոն խախտողի համբավ ձեռք բերելով՝ նա 8-րդ դասարանում թողեց ուսումը, որպեսզի շարունակի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա թռիչքներ էր իրականացնում Թագավորական ՌՕՈւ համար, իսկ 1950-ական եւ 1960-ական թթ. Լաս Վեգասում նա վաստակել էր սկզբում խոշոր խաղացողի, իսկ այնուհետեւ՝ բարձր դրույքներով գործարքներ կնքողի համբավ։
3. Նա փորձել է գնել եւ վաճառել բազմաթիվ ավտոարտադրող ընկերություններ, ավիաընկերություններ եւ կինոստուդիաներ
«Գործարքներ կնքելը նրան կենդանի էր պահում»,- Քըրքորյանի մասին 2005թ. ասել էր ավտոարտադրության կուռք Լի Յակոկան այն բանից հետո, երբ նրանք Chrysler-ը իրենց ձեռքը վերցնելու անհաջող փորձ էին կատարել։ Քըրքորյանը մեծ ներդրումներ է կատարել Ford եւ GM ընկերություններում եւ փորձել է գնել TWA-ն։ Նրան է պատկանել Western Airlines ընկերությունը։ Նա որոշ ժամանակ եղել է կինոարտադրության լիիրավ մագնատ. նա երեք անգամ գնել եւ վաճառել է MGM կինոստուդիան, փորձել է գնել Columbia Pictures-ը եւ գնել է United Artists-ը։
4. Նա մեկ ամսվա կյանք ունեցած ամուսնությունից հետո ամսական 100 հազար դոլար ալիմենտ է վճարել իր երեխայի համար։
2010թ. Քըրքորյանը համաձայնվեց 100 հազար դոլար ալիմենտ վճարել իր միակ երեխայի համար, որն այդ պահին 12 տարեկան էր։ Ըստ տեղեկությունների՝ Քըրքորյանը պետք է 10 մլն դոլարի ալիմենտ վճարեր նաեւ անցյալ տարիների համար։ Քիրայի մոր՝ նախկին թենիսիստուհի Լիզա Բոնդերի ներկայացրած դատական հայցից հետո կողմերը համաձայնության էին եկել ալիմենտի մասին։ Թենիսիստուհին եւ Քըրքորյանը ամուսնացած են եղել 28 օր։ Լիզան 50 տարով երիտասարդ էր։ Քըրքորյանը շարունակում էր ալիմենտներ վճարել անգամ այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա չէ Քիրայի կենսաբանական հայրը։
5. Նախկինում նա 4 անգամ ավելի հարուստ է եղել
Forbes-ի վարկածով աշխարհի ամենածեր միլիարդատերը Դեւիդ Ռոքֆելլերն է, ով հունիսի 12-ին դարձավ 100 տարեկան։ Քըրքորյանը մինչեւ իր մահը համարվում էր աշխարհի 2-րդ ամենատարեց միլիարդատերը, որի կարողությունը գնահատվում է 4 մլրդ դոլար։ Սակայն բոլորովին վերջերս՝ 2008թ. նա ուներ 16 մլրդ դոլար։ Դրանից հետո գործարարի ներդրումներին զգալի վնաս էր հասցվել։





























