Նախագահի հետ հանդիպման ֆորմատը եղել է փակ, եւ ի տարբերություն տարբեր քաղաքական ուժերի, որոնք փակ ֆորմատով հանդիպման պայմանավորվածությունը չհարգելով, մեկնաբանություններ են անում, ես շատ հակիրճ կանդրադառնամ դրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ քննարկումը վերաբերել է սահմանադրական փոփոխություններին, ԲՀԿ-ի տեսակետը կառավարման մոդելի վերաբերյալ մնում է անփոփոխ:

Նա հաստատեց նաեւ տարածված տեղեկությունները, որ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողները ԲՀԿ-ին հորդորել են մասնակցել սահմանադրական փոփոխությունների այն գլուխներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, արդարադատությանը, դատավորների անկախությանը, Կառավարության՝ ԱԺ-ի առաջ առավել հաշվետվողականությանը:

«Այո, ես չեմ թաքցնում, որ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ նման քննարկում եղել է,Վենետիկի հանձնաժողովը կարեւորում է մարդու իրավունքների, արդարադատության, դատավորների անկախությունը, Կառավարության՝ Աժ-ի առջեւ հաշվետվողականության բարձրացումը, եւ երկրի հիմնական քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում ունենան այդ հարցերի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, հայտնել են, որ Վենետիկի հանձնաժողովը որեւէ մոտեցում չունի կառավարման մոդելի վերաբերյալ, դա երկրի որոշելիքն է՝ ինչ մոդելի անցնել: Մենք ունենք մեր մոտեցումները Կառավարության ատավել հաշվետվողականության մեծացման վերաբերյալ, պատրաստ ենք մեր դիտարկումները ներկայացնել, բայց լուրջ մտահոգություններ ունենք խորհրդարանական մոդելի անցման վերաբերյալ, հատկապես՝ քաղաքական դաշտի եւ կուսակցությունների այսպիսի որակով խորհրդարանական մոդելին անցնելը լրջագույն ռիսկեր է պարունակում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: