2 շաբաթ առաջ տաքսիի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով մեղադրյալ անձ չկա ներգրավված: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. հունիսի 2-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու մեքենաների վարորդներն ու տաքսու երկու ուղեւորները: Հիվանդանոցում ուղեւորներից 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն:





























