Հունիսի 16-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրաի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիայի հետ:

Ողջունելով դեսպան Թումանյանին` նախարար Թայեբնիան բարձր գնահատեց Հայաստանի եւ Իրանի միջեւ դարերի ընթացքում ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները եւ ընդգծեց, որ պետք է օգտվել առկա հնարավորություններից եւ կարողություններից` բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու համար` հավելելով, որ երկու երկրների միջեւ որեւէ խոչընդոտ գոյություն չունի:

Իր հերթին դեսպան Թումանյանը նույնպես գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերություններից եւ կարեւորեց երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու եւ այդ ուղղությամբ համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: