«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչներն այսօր՝ հունիսի 18-ին, հավաքվել են Կառավարության դիմաց եւ սպասում են գործադիրի նիստի ավարտին, որպեսզի հանդիպեն վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանի հետ: Բնակիչների խոսքով՝ վերջինս իրենց խոստացել է օգնել շենքի կառուցումը սկսելու հարցում:

«Բնակարանների շինարարությունը ե՞րբ է սկսվելու, ամառը վերջացավ, ձմեռը պետք ա կառուցեն: Փողերը տվել ենք, մեր բնակարաններին ենք սպասում, բայց էլի խաբում են: Ասում էին՝ մայիսի վերջին սկսելու են շենքի շինարարությունը, հիմա հունիսն է արդեն վերջանում, բայց դեռ չեն սկսել: Հայկ Դավթյանը մեզ միշտ ասում է, որ շենքի շինարարության հետ կապված շատ խնդիրներ կան, եւ հենց այդ խնդիրները լուծվեն, միանգամից կսկսվի շենքի շինարարությունը, հարցնում ենք՝ ինչ խնդիրներ կան, չեն բացատրում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից Վերա Փանչոյանը:

Հիշեցնենք, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար։

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: