«Իսլամական պետություն» խմբավորման շարքերում այս պահին կա ՀԱՊԿ անդամ երկրների 2-3 հազար քաղաքացի։ Այս մասին հունիսի 18-ին Մոսկվա-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիոլայ Բորդյուժան։
Նրա խոսքով՝ ԻՊ շարքերում հայտնված քաղաքացիների վիճակագրությունը շատ պայմանական է։ Ղրղզստանից, օրինակ, կռվում է 382 մարդ, Ռուսաստանից՝ 2 հազար։ «2-3 հազարը բավական մեծ թիվ է, որը կարող է օգտագործվել մեր երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար»,- արձանագրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Խոսելով ԻՊ ֆենոմենի մասին՝ նա նշեց, որ ֆենոմենի պատճառները 2-ն են։ Առաջին հերթին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում իսկական համագործակցության բացակայությունն է։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրեց նրան, որ այդ ոլորտի խոշոր խաղացողները դադարեցին համագործակցել։ Երկրորդ՝ ԻՊ հավաքագրման համար ակտիվ կերպով օգտագործվում են սոցիալական ցանցերը։





























