Ուժերն ու միջոցները, որոնք այս պահին ունի ՀԱՊԿ-ը, բավական է ցանկացած մասշտաբի ցանկացած սպառնալիքի արձագանքելու համար։ Այս մասին հունիսի 18-ին Մոսկվա-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիոլայ Բորդյուժան։
Նա հիշեցրեց, որ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ միասին կազմակերպությունում գործում են երկկողմ խմբավորումներ։ Նրանք կարող են գործել ցանկացած սպառնալիքի հակազդելու համար։ Նրա խոսքով՝ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում ներգրավված են կազմակերպության անդամների լավագույն խմբավորումները։ «Նրանք զինված են, պատրաստված, կարողանում են համատեղ գործել»,- նշեց Բորդյուժան։
Հարցին, թե ով է ավելի ուժեղ ՆԱՏՕ-ն, թե Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, Բորդյուժան պատասխանեց. «Աստված չանի, բայց փորձը ցույց կտա։ Մենք կարծում ենք, որ մեր կոնտինգենտը պատրաստ է իր առջեւ դրված խնդիրների կատարմանը»։
Ամփոփելով օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մայիսյան հանկարծակի ստուգումները՝ նա նշեց, որ համաձայն միջոցառման պլանի՝ առաջավոր ջոկատը տեղափոխվել է Տաջիկստան-Աֆղանստան սահման։ «Գործողությունը շարունակվել է 3 օր։ Այն շատ հաջող անցավ, առանց որեւէ խնդրի»,- նշեց Բորդյուժան։





























