PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը քննադատել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) կուսակցության այն հայտարարությունը, թե կուսակցությունը ոչ մի կերպ կոալիցիա չի կազմի արդեն նախկին իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության հետ։
Քրդական Firat գործակալության հետ զրույցում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայըլանն անդրադարձել է ընտրություններից հետո Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին՝ շեշտելով, որ սխալ է AKP-ի հետ կոալիցիա չկազմելու HDP-ի հայտարարությունը։
Քարայըլանը շեշտել է, թե HDP-ն իր խոսքը կատարել է՝ հաղթահարելով շեմը եւ մտել խորհրդարան, ինչով թույլ չի տվել Էրդողանին ստեղծել նախագահական հանրապետություն։ «Երբ HDP-ն ասում է, որ չի կազմի կոալիցիա, դա ընդամենը զգացմունքային արտահայտություն է, ինչը սխալ է։ Այժմ ժամանակն է կոնկրետ քայլեր իրականացնելու»,-ասել է Մուրադ Քարայըլանը։




























