Հայաստանը Հարավային  Կովկասի երկրների նկատմամբ ՆԱՏՕ-ից հավասարակշռված մոտեցում է ակնկալում։ Այս մասին հունիսի 18-ին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դաշինքը պետք է բաց լինի բոլոր գործընկերների համար՝ հավասար հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանի երկրների համար։

Նախարարը ընդգծել է ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարեւորությունը, այնպես էլ կարծիքների փոխանակման հնարավորությունը, որը տալիս է Rose-Roth սեմինարը։ Նախարարի խոսքով՝ Հարավային Կովկասում անվտանգության հարցը չի կարելի դիտարկել միջազգային կոնտեքստից դուրս։ «Հիմա Հարավային Կովկասի անվտանգության իրական սպառնալիքը տարածաշրջանի երկրների տարբեր մոտեցումներն են։ Երկրները անվտանգության եւ էներգետիկ համակարգերի հարցում տարբեր մոտեցումներ ունեն։ Եվ այդ մոտեցումները հաճախ մեկը մյուսի դեմ են ուղղվում։ Բացի ավանդական սպառնալիքներից, սուր բնույթ է ստացել ծայրահեղականությունը։

Այսպես կոչված «Իսլամական պետությունը» կարողացավ կարճ ժամանակահատվածում ընդլայնել իր ազդեցության գոտին։ Թուրքիան եւ Իրանը այս կամ այն կերպ ներքաշված են ԻՊ-ի շուրջ զարգացող իրադարձություններին։ Հաստատված տեղեկություններ կան, որ ԻՊ շարքերում կռվում են ադրբեջանցի ծայրահեղականներ։ Այս իրավիճակում Հայաստանը իր անվտանգության համակարգը ստեղծում է բազմավեկտոր ձեւաչափով։ Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ինչպես  ՆԱՏՕ-ի, այնպես էլ կազմակերպության առանձին անդամների հետ, ու այդ համագործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության անբաժան  մաս։ Հայաստանի անվտանգության համակարգը կառուցվում է համադրությունների հիման վրա՝ առավելագույնս ապահովելով երկրի անվտանգությունը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, Իրանի եւ Արեւմուտքի շահերը այստեղ չեն հակասում իրար, այլ ընդհակառակը։

Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամն է, որը 2004թ.-ից ակտիվորեն ներգրավված է խաղաղության եւ կայունության ամրապնդման ՆԱՏՕ-ի գործողություններին։Այս տարիների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել հուսալի գործընկերոջ համբավ։ Այսօր մեր երկիրը իտալացի զինվորական կոնտինգենտի  հետ միասին ակտիվորեն ներգրավված է Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ գործողություններին եւ պատրաստվում է մեկ սպա ուղարկել Մալի»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։