Հայաստանի կառավարությունն առաջարկում է բարձրացնել բենզինի, դիզվառելիքի ակցիզային հարկը, ինչպես նաեւ ակցիզային հարկ կիրառել սեղմված բնական գազի համար: «Ակցիզային հարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը ԱԺ-ում այսօր՝ հունիսի 18-ին, ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Եթե նախկինում գազալցակայաններում մեքենաների համար սեղմված գազը ակցիզային հարկով չէր հարկվում, ապա հիմա առաջարկվում է կիրառել 8 330 դրամ ակցիզային հարկ հազար խմ գազի համար:
Բենզինի ակցիզը առաջարկվում է բարձրացրել 112-ից դարձնելով 120 հազար դրամ մեկ տոննայի համար, իսկ դիզելային վառելիքի ակցիզը 32,5 հազար դրամից դարձնել 35 հազար դրամ:
«Բենզինի եւ դիզվառելիքի ակցիզը մենք չենք բարձրացրել 2006 թվականից ի վեր: Այդ ընթացքում գները բարձրացել են մոտավորապես 41-52 տոկոսով՝ կախված վառելիքի տեսակից: Քանի որ ակցիզային հարկը ֆիքսված թիվ է, ապա այս ընթացքում նրա տեսակարար կշիռը ապրանքի գնի մեջ նվազել է»,-ընդգծել է Միրումյանը:
Նոր դրույքաչափերը առաջարկվում է կիրառել 2016-ի հունվարի 1-ից:




























