Բեյրութում գործող «Հայկազյան» համալսարանը հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում տոնելու է 60-ամյա հոբելյանը, որի ընթացքում տեղի կունենա դրամահավաք, ինչպես նաեւ ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր եւ դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Միջոցառումը կանցկացվի «Dorothy Chandler Pavilion» դահլիճում, որը Լոս Անջելեսի օպերայի տունն է համարվում:

Առաջիկա տոնակատարության մասին հարցին Պլասիդո Դոմինգոն ջերմ խոսքերով է արձագանքել: «Մայրս, որը հրաշալի երգչուհի էր, վոկալն ուսանել է հայ մանկավարժի մոտ, այդ պատճառով ես ամբողջ կյանքում հիացել եմ հայ համայնքի երաժշտական ավանդույթներով եւ կատարողական արվեստով: Հպարտ եմ ձեզ Լոս Անջելեսի օպերայից ողջունելու համար եւ անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ միասին հրաշալի տոն անցկացնելուն»,- ասել է նա:

Միջոցառման պատվավոր կոմիտեի անդամներն են Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Վարդան Գրիգորյանն ու Ջոյս Փիլիպոսյան-Շթայնը:

Հավելենք, որ չնայած «Հայկազյան» համալսարանը գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, ուսումնական այս հաստատության ազդեցությունը զգում է ամբողջ աշխարհի հայությունը: Համալսարանը պահպանում է հայկական մշակույթը եւ գրեթե 60 տարի մանկավարժներ է պատրաստում սփյուռքում: