Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների վերաբանակցային գործընթացի շրջանակներում հունիսի 8-ից 10-ը Ժնեւում կայացել են հայկական պատվիրակության երկկողմ հանդիպումները բանակցային գործընթացում ընդգրկված ԱՀԿ մի շարք անդամ երկրների հետ:
Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչները:
Կայացած հանդիպումների ընթացքում ԱՀԿ անդամ երկրների հետ քննարկվել են այդ երկրների կողմից ներկայացված բանակցային հայտերին, դրանցում ներառված բանակցային հետաքրքրություն ներկայացնող ապրանքատեսակների ցանկերին, երկկողմ բանակցությունների հետագա քայլերին եւ ժամկետներին, բանակցություններին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներգրավվածությանը, ինչպես նաեւ բանակցային մոտեցումներին եւ դիրքորոշումներին առնչվող հարցեր:





























