Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների նկատմամբ մայիսի 13-ին նախագահական նստավայրի մոտ ոստիկանների կիրառած բռնության գործով հարցաքննվել են ծնողներից երկուսը։ Նրանցից Իրինա Ղազարյանը NEWS.am-ին պատմեց, որ ՀՔԾ–ում փորձել են իր փոխարեն ցուցմունք գրել։
«Թադեւոսյանն էր կանչել ինձ, ասեց՝ պատմեք՝ ինչ, ոնց, ումից ինչ եք ուզում։ Ես իրեն ամեն ինչ պատմեցի, թե ինչ է եղել մայիսի 13-ին։ Ինձ ասում ա՝ տիկին Իրինա, մի զոհը դուք եք, մյուսը՝ ոստիկանը։ Կարո՞ղ է դուք ոստիկանների հանդեպ թարախով եք լցված։ Ասեցի՝ ինչի՞ եք կարծում` մենք ոստիկաններին չենք հարգում, մենք հարգում ենք նրանց։ Ինքը կոմպյուտերով հավաքեց նույն բաները, ասեցի՝ տվեք, կարդամ, որ նոր ստորագրեմ։ Կարդալու ժամանակ տեսա՝ գրել ա, թե ես ասել եմ՝ ոստիկանը խնդրում ա՝ անցնել դիմացի մայթ, իսկ ես ոստիկանին քաշելով տանում եմ։ Բայց նման բան չէի ասել»,- պատմեց Իրինա Ղազարյանը։
Իրինա Ղազարյանը նշեց, որ դրանից հետո ինքն առաջարկել է դիտել դեպքի վերաբերյալ տեսանյութ, որում երեւացել է, թե ինչպես է ինքը ոստիկանի վրա գոռում` «ձեռքս թող»։ Տիկին Իրինայի խոսքով՝ ՀՔԾ–ում իրեն տեղեկացրել են, որ շուտով առերեսում է լինելու ծնողների եւ ոստիկանների միջեւ։ Ծնողների դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան։
Հիշեցնենք, որ ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքով հարուցվել է քրեական գործ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին զոհված զինծառայողների մայրերը Բաղրամյան 26-ում իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։





























