«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները մեկ տասնյակ մեքենաներով Երևանի Բրազիլիայի հրապարակից սկսել են հունիսի 19-ին կայանալիք հավաք-երթի իրազեկման ավտոերթը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները ավտոմեքենաներին են փակցրել «Ոչ թալանին» գրություններ և ՀՀ դրոշներ, իրազեկման ավտոերթը կանցկացնեն Երևանի ծայրամասերում:
«Բոլոր վարչական շրջաններով պտտվելու ենք, մարդկանց իրազեկելու ենք, որ երեկվա որոշումը մեզ հետ չի կանգնեցրել մեր պահանջից: Իրենք փորձում են տպավորություն ստեղծել, որ թանկացրին, ուրեմն վերջ, մենք ոչինչ չենք կարողանա անել: Բայց մենք ցույց ենք տալու, որ որոշումը հնարավոր է բեկանել»,-ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքս Սարգսյանը:
Մաքս Սարգսյանը նշեց նման նախադեպեր, երբ որոշում է կայացվել, սակայն պայքարի շնորհիվ այն բեկանվել է, ինչպես, օրինակ, տրանսպորտի թանկացման դեպքում: Ավտոերթին միացել են նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ, այն ուղեկցում է ճանապարհային ոստիկանությունը: Ոստիկանության աշխատակիցները մինչև երթի մեկնարկը մոտեցան ակցիայի մասնակիցներին և հորդորեցին չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նշենք որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նույնպես հեծանիվով միացել է երթին:
Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 19-ին, Ազատության հրապարակում հավաք-երթ է նախատեսված, ժամը 18:30-ին:
Նախօրեին տեղի ունեցած ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























