«Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի առաջին ճյուղի շինարարությունը նախատեսված է սկսել հունիսի վերջին, հուլիսի սկզբին: Այս մասին Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Այս պահի դրությամբ առանցքային պահը «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի առաջին ճյուղի շինարարության մեկնարկն է, որի ժամկետները գրաֆիկով սահմանված են հունիսի վերջին-հուլիսի սկզբին»,-ասել է նա:

Բացի այդ, հունիսի 19-ին Նովակը նախատեսում է «Թուրքական հոսքի» շարունակության շինարարության մասին հուշագիր ստորագրել Հունաստանի արտադրական բարեփոխումների, շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսի հետ:

Նովակը հավելել է, որ որպես շինարարության հիմնական տարբերակ քննարկվում է խողովակաշարի անցկացումը Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի տարածքներով, ապա միացումը ավստրիական Բաումգարտեն գազատարին: Նա նաեւ ընդգծել է, որ դեպի Եվրոպա գազատարի շինարարությունը կախված է Եվրահանձնաժողովի դիրքորոշումից: