Չի կարելի Ուկրաինան քաշել որեւէ մեկի կողմը. այն պետք է կամուրջ լինի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, կարծում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, գրում է Corriere della Sera-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնարար երկխոսությունը պետք է ոչ միայն շարունակվի, այլ ընդլայնվի։ «Մոսկվան եւ Վաշինգթոնը պետք է անեն ամեն բան թշնամական հակամարտության քաղաքականությունից խուսափելու համար։ Այսօր միայն մեկ բան է կարեւոր. նայել առաջ դեպի ապագա եւ ոչ թե վիճել անցյալի մասին»,- ասում է նախկին պետքարտուղարը։ Նա չի կարծում, որ կողմերից մեկի վրա կատարվածի պատասխանատվությունը բարդելը արդյունավետ քայլ է։ Հարցին, թե ինչ է պետք անել Ուկրաինայի ճգնաժամը լուծելու  համար, եւ չկա արդյոք էսկալացիայի վտանգ, նա ասել է. «Ցավոք, էսկալացիան հնարավոր սցենար է, բայց ես արդեն ասել եմ, որ ճակատագրական սխալ է այն կարծիքը, թե Ուկրաինան կարելի է քաշել մեկի կամ մյուսի կողմը։ Նրա դերը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ կամուրջ լինելն է»։