Ադրբեջանը կենտրոնանում է միայն մեկ սկզբունքի վրա, այն է՝ տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը հիմնվում է բոլոր երեք սկզբունքների՝ ուժ չկիրառելու, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության պահպանման վրա։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի  նախկին  համանախագահ Ժակ Ֆորը՝ հավելելով, որ Հայաստանը փորձում է միաժամանակ հիմնվել Ռուսաստանի հետ կնքած պաշտպանության  ոլորտի պայմանագրի վրա։

Ժակ Ֆորի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները հանգեցրել են գաղափարների, բայց ոչ կոնկրետ արդյունքի։ «Որն է պատճա՞ռը։ Ամենակարեւորը կողմերի միջեւ վստահության բացակայությունն է, մենք խոսում ենք 2 երկրների նախագահների մասին։ Կա նաեւ դիվանագետների խնդիր, որոնք կապ են հաստատում երկու նախագահների միջեւ։ Կողմերից յուրաքանչյուրը խոսում է հակառակորդի կողմից համաձայնագրերին չհետեւելու մասին»,- ընդգծեց Ֆորը։ Նրա խոսքով՝ եւս մեկ գործոն է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը։ «Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ողջ բյուջեն միասին վերցրած։ Ղարաբաղի հարցում պետք է լինի քաղաքական կամքի եւ փոխզիջումների մթնոլորտ։ Կա լարվածության մեծացման վտանգ։ Ժամանակը կողմերի եւ միջնորդների օգտին չի խաղում»,- եզրափակեց Ժակ Ֆորը։