Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները օրենքով սահմանված բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել են համապատասխան հանձնաժողովներ`դրանց կազմերում ընդգրկելով նաեւ  Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին: Հանձնաժողովները տարեսկզբից մինչ օրս մասնագիտական ուսումնասիրություններ  են իրականացրել թվով 58 համատիրություններում, եւ ըստ այդմ, մի քանի չափանիշներով գնահատել կատարված աշխատանքը: Ուսումնասիրության արդյունքները, անելիքներն ու հետագա ռազմավարությունը   քննարկվել են աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, տվյալ համատիրությունների նախագահները, ինչպես նաեւ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության առանձին աշխատակիցներ:

Մեկ առ մեկ քննարկվել են հանձնաժողովների կատարած ստուգայցերի ուղղություններն ու բաղադրիչները, ներառյալ տարեկան ակնկալվող հաշվարկային գումարները, պարտադիր նորմերով սահմանված աշխատանքների եւ համատիրությունների պահպանման ծախսերի համամասնությունը: Առանձին դեպքերում իջեցվել են այն գնահատականները, որոնք տրվել էին համատիրություններին` ելնելով հանձնաժողովների ստուգումների արդյունքներից: Որոշ համատիրությունների աշխատանքը գնահատվել է անարդյունավետ, ինչից ելնելով վարչական շրջանների ղեկավարներին տրվել է հանձնարարական կազմակերպչական եւ կառուցվածքային փոփոխություններ կազմակերպելու ուղղությամբ:  Կամո Արեյանը հատկանշել է, որ համատիրությունների ինստիտուտի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը վերջին տարիներին թեեւ գործնականում դրական տեղաշարժ արձանագրում են, ու այդ առումով կան բազմաբնակարան շենքերի կառավարման  բազմաթիվ օրինակելի համատիրություններ, սակայն ընդհանուր արդյունքը դեռ գոհացուցիչ չէ, ինչը երբեմն հարուցում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը:

«Քաղաքային իշխանություններն այսուհետ եւս հնարավորին աջակցելու են համատիրություններին` ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելու պարտադիր պայմանով: Մենք այլընտրանք չունենք, մեր  բակերիգերակշիռ մասն արդեն բարեկարգ են ու գեղեցիկ, սակայն, դրան զուգահեռ, հարակից բազմաբնակարան շենքերում դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց լուծումը իրագործելի կլինի միայն հոգատար ու սրտացավ վերաբերմունքի  եւ համախմբված ջանքերի դեպքում: Մենք իրավունք չունենք չարդարացնելու մեր բնակիչների սպասելիքները, հատկապես, որ նրանց մեջ շատ են պարտաճանաչ վճարումներ կատարող քաղաքացիները:

«Համատիրությունների հարգելի նախագահներ ու կառավարիչներ, լավն ու օրինակելին մշտապես կխրախուսվի, իսկ ովքեր կփորձեն թերանալ, կամ անլուրջ մոտեցում ցուցաբերել, բնակիչների դժգոհության հետեւանքով հրավիրված ժողովներից հետո ստիպված կլինեն իրենց տեղը զիջել ավելի գործունյա ու բարեխիղճ գործընկերներին: Ի վերջո մեր գերագույն նպատակը երեւանցիների համար բնակության հաճելի միջավայր ապահովելն է»,- նշել է Կամո Արեյանը:

Անկախ հանձնաժողովը յուրաքանչյուր վարչական շրջանում ընտրանքային կարգով կրկնակի ուսումնասիրություններ կանցկացնի առանձին համատիրություններում: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը վսատհեցրել է, որ 2015 թվականը համատիրությունների գործառույթների իրականացման եւ բարելավման առումով բեկումնային տարի է լինելու: Տարվա ընթացքում վարչական շրջաններում գործող հանձնաժողովների աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: