Առաջիկայում ԵՊՀ ուսանողների վարձավճարների բարձրացում չի նախատեսվում: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ վերընտրված ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Վարձավճարները չեն բարձրանալու, նշեմ, որ պետպատվերով սովորող ուսանողների վարձը, որը պետությունն է վճարում, ավելի շատ է, քան նույն ֆակուլտետում սովորող այլ ուսանողների վարձավճարները»,-ասաց Արամ Սիմնյանը:
Սիմոնյանը նշեց, որ այս տարի ԵՊՀ զարգացման ռազմավարական պլանի 5-րդ տարին է լրանում և այժմ զարգացման ռազմավարական նոր պլան է մշակվում. «Դեկտեմբերի նիստին հուսով եմ, որ այն կընդունվի և 2016թ. հունվարից այդ ծրագիրն արդեն կգործի»,-ասաց Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ առաջիկայում դժվար աշխատանք է սպասվում՝ Երևանի պետական համալսարանը առաջատար դիրքերում պահել կարողանալու համար:
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԵՊՀ-ն հետազոտական համալսարանի կարողանանք վերածել: Ուսուցումն ավելի զարգացնելու համար, անընդհատ պետք է փոխենք մեր կրթական ծրագրերն ու դրանց բովանդակությունը: Լուրջ անելիքներ ունենք նաև մագիստրատուրայի կրթական ծագրերը լավացնելու ուղղությամբ, քանի որ աշխարհի մագիստրատուրայի բոլոր ծրագրերը ստեղծվում են 2 և ավելի գիտությունների հատման գծով»,-ասաց նա:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրված Արամ Սիմոնյանը նաև նշեց, որ Երևանի պետական համալսարանում այս տարի նախատեսվում է 4 նոր լաբորատորիաների ստեղծում, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան հետազոտություններ անելու. «Այս տարի ԵՊՀ-ն աննախադեպ դրամական միջոցներ շահեց, պետք է այնպես անենք, որ այս քաղաքականությունը շարունակվի: Մեր բյուջեի նվազագույն 20 տոկոսը պետք է կազմեն գիտահետազոտական աշխատանքների հասույթները։ Փորձելու ենք փնտրել նոր ուղիներ և նոր ճանապարհներ, դասախոսական նոր կազմ ենք ընդունելու»։



























