ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 19-ին ընդունել է  Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Կողմերը զրուցել են  դեսպանավարման շրջանում  արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ հետագայում շարունակվելիք ծրագրերի մասին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ Գերմանիայի կառավարությանը  ձեւավորված  ամուր համագործակցության համար` այս համատեքստում առանձնացնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ փոխգործակցության լայն շրջանակը:

Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարության եւ, ընդհանրապես, գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով  երկկողմ համագործակցության մեջ արդարադատության ոլորտի էական նշանակությունը: 

Ռայներ Մորելը կարեւորել է, որ թոշակի անցնելուց առաջ վերջին տարիներին պաշտոնավարել է Հայաստանում, եւ  ի դեմս իրեն ու իր տիկնոջ՝ Հայաստանի երկրպագուներն ավելացել են երկուսով:

Հրաժեշտի հանդիպման ավարտին նախարար Հովհաննես Մանուկյանը, եւս մեկ անգամ կարեւորելով Ռայներ Մորելի պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքը, նրան մաղթել է հաջողություններ հետագա բոլոր ձեռնարկումներում: