Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին: Հանդիպման մասնակցում էր նաեւ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելով դոկտոր Հովհաննիսյանին, բարձր է գնահատել անվանի գիտնականի մեծ ավանդը հայրենական գիտության զարգացման գործում եւ ընդգծել, որ նրա նման հայրենանվեր, գրագետ եւ վերլուծական խորը մտածողություն ունեցող անձնավորություններն են օրինակ ծառայում երիտասարդ սերնդի ճիշտ եւ հայեցի դաստիարակության համար:
Հայրենանվեր մեծ գործունեության համար նախարար Սեյրանը Օհանյանը մեծանուն գիտնականին պարգեւատրել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:
Օրեր առաջ անվանի գիտնականին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիկոլայ Հովհաննիսյանը Հայաստանում արաբագիտության դպրոցի հիմնադիրն է եւ երկար տարիներ ղեկավարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը: Նա հեղինակ է ավելի քան 500 աշխատությունների, այդ թվում` 80 մենագրական հետազոտության, որոնց զգալի մասը հրատարակվել է արտասահմանում: Դոկտոր Հովհաննիսյանը անդամ է մեկ տասնյակից ավելի արտերկրի ակադեմիաների եւ գիտական ընկերությունների: Պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով եւ պատվոգրերով:
Տասնամյակներ շարունակ ականավոր գիտնականի գիտական ուսումնասիրության առանցքում են եղել այնպիսի հանգուցային հիմնախնդիրներ, ինչպիսիք են Մերձավոր ու Միջին Արեւելքի ժողովուրդների պատմությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ էթնոքաղաքական առճակատումները, Հայոց Ցեղասպանությունը, հայ-արաբական հարաբերությունները եւ այլն:
Որպես ԱՌՀԻ պետի խորհրդական` Ն. Հովհաննիսյանը մեծածավալ աշխատանք է կատարել ԱՌՀԻ-ի գիտավերլուծական գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մեծ է նրա ավանդը ռազմավարական-անվտանգային հետազոտությունների զարգացման գործում:


























