Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդը հայտարարություն է տարածել` հարգանքի տուրք մատուցելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդն իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:
«Կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի բեռը նաեւ առիթ է սա օգտագործելու որպես եւս մի հնարավորություն երաշխավորելու, որ 100 տարի առաջ տեղի ունեցածն այլեւս չի որոշի ցեղասպանության զոհերի եւ այն իրականացնողների ժառանգների ներկայիս հարաբերությունները: Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` դրսեւորելով մեր նվիրվածությունը արդարությանը, հղելով ամենամյա ցավակցական ուղերձներ: Կոչ ենք անում Իսրայելին անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` բարձրաձայնելով Հոլոքոստի մոխրից հառնած սեփական բարոյական ժառանգության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր վճռականությունն ամրապնդվում է, քանզի գիտենք, որ ունենք հրեա համայնքի մեր բարեկամների աջակցությունն ու համախոհությունը»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի Մասաչուսեթսի նահանգի նախագահ Հերման Փուրությանը:
«Համագումարը տարիներ շարունակ աշխատում է Բոստոնի եւ ԱՄՆ տարբեր հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ` համընդհանուր նպատակ հետապնդելով լույս սփռել ամենուր, որտեղ առկա է անարդարությունը: Գնահատում ենք Մասաչուսեթսի Ռաբբիների խորհրդի այս պերճախոս հայտարարությունը եւ նրանց ներդրումը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»,- ասել է Փուրությանը:


























