Թբիլիսիի երեք բնակիչներ լուսանկարել են կենդանաբանական այգուց փախած վագրին, որին նկատել են քաղաքի կենտրոնում գտնվող Ազգագրության թանգարանի տարածքում: Կադրերը ցուցադրել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Վրացական որոշ լրատվամիջոցներ, սակայն, կասկածի տակ են դնում տարածված լուսանկարի հավաստիությունը՝ ենթադրելով, որ այն կարող է մոնտաժի արդյունք լինել:

Թբիլիսիի կենդանաբանական այգին մասամբ քանդվել է հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով: Կենդանիների մի մասը տարերքի զոհ է դարձել, մի մասն էլ, այդ թվում՝ գիշատիչներ, հայտնվել են քաղաքի փողոցներում: Գիշատիչների մի մասին հաջողվել էր ժամանակին վերադարձնել կենդանաբանական այգի, սակայն որոշներին ստիպված են եղել գնդակահարել: Մինչեւ հիմա անհայտ է մեկ վագրի եւ մեկ բորենու գտնվելու վայրը:

Կենդանիների որոնողական աշխատանքներին միացել են նաեւ պրոֆեսիոնալ որսորդները: