Նաիրիտցիները դադարեցնելու են բողոքի ակցիաները մինչեւ կառավարությունը խոստացած ժամկետում մարի իրենց աշխատավարձերի պարտքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողներին ասաց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
«6 ամսվա ընթացքում բազմաթիվ երթերից, հանդիպումներից հետո վերջապես վարչապետը նախագահի հանձնարարությամբ խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը պարտքերը կմարվեն: Ցույցերն ու երթերն առայժմ դադարեցված են, և որոշվել է, որ քանի որ գումարը պետք է փակվի, ոչ մի ցույց չի լինելու»,- ասաց նա:
Հրաչ Թադեւոսյանը, անդրադառնալով գործարանի վերագործարկման հնարավորությանը, նշեց, որ Համաշխարհային բանկի աուդիտի եզրակացությունում ասվում է, որ 340 միլիոն դոլար է անհրաժեշտ գործարանը վերագործարկելու համար, սակայն, իրենք կարծում են, որ 55-65 միլիոն դոլարն էլ է բավարար։
««Նաիրիտը» կարող է վերագործարկվել և եկամուտով աշխատել մեր կարծիքով, քանի որ նախորդ աուդիտներում տրվել է դրական եզրակացություն: 18 ամիս ժամանակ է պահանջվում, որպեսզի «Նաիրիտը» վերազինվի: Կա սարքավորում, որը պետք է պատվիրվի այլ երկրի գործարանում, ինչի պատրաստման համար վեց ամիս ժամանակ է պահանջվում»,- նշեց նա:
Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ «Նաիրիտը» վերագործարկելուց հետո տարեկան 17 միլիոն դոլարի եկամուտ կբերի:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:



























