Հայ տղամարդու համար վիրավորական է, երբ պիտի ապացույց ներկայացնի, որ ինքը կռվել է պատերազմում: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ ատահերթ նիստում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Նրա խոսքով, ինքն առնվազն երկու դեպք գիտի, երբ մարդը մասնակցել է պատերազմին, բայց կարգավիճակ չի ստացել և մարտական ընկերներն էլ չկան, որ հաստատեն իր մասնակցությունը:

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը տեղից նկատել է, որ մարտական գործողությունների բոլոր մասնակիցները կամ ջոկատներով, կամ բանակի համակարգում են կռվել, «օդինոկի վոլկ» չեն եղել:

«Օդինոկի վոլկի» մասին չի խոսքը, պարո՛ն գեներալ»,- արձագանքելն է Շուշան Պետրոսյանը՝ նշելով, որ կա դեպք, որ արդեն չկան ընկերներ:

Գեներալը շարունակում էր դժգոհել, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդարտեցրեց՝ «Լավ, հարցը կպարզաբանվի, չի կարելի էդպես»:

Նշենք, որ այս օրինագիծը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Նրա խոսքով, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման համար սահմանված մեկ տարվա ժամկետը լրացել է 2015թ. մայիսի 10-ին: Մեկ տարվա գործունեության ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3210 անձանց: Մինչև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումը «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել ՀՀ թվով 8777 քաղաքացիների:

Կանխատեսումների համաձայն «Երկրապահ կամավորականի» կամ «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ ստանալու համար կարող են հավակնել մինչև 15 հազար քաղաքացիներ: Այժմ նախատեսվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը:

Փոխնախարարը նշել է, որ հանձնաժողովներ են հրավիրվում ջոկատի հրամանատարներ, մարտական գործողությունների հեղինակավոր մասնակիցներ, որոնք ևս իրենց վկայություններով հնարավորություն են ընձեռնում հանձնաժողովին համապատասխան որոշումներ կայացնելու հարցում, և կաշկանդվածության խնդիր չկա: